(010) 742 076, ( 091) 422 075, (095) 522 075, (077) 526 224
  • ՏՈՒՐԵՐ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի առանձնահատուկ մասն է: Ժողովրդի մասին շատ ավելին իմանալու համար պետք չէ թերթել միայն պատմության էջերը, բավական է գեթ մեկ անգամ համտեսել ազգային, ավանդական կերակրատեսակները:
«TASTY TOUR» Ճամփորդական ընկերությունը իրականացնում է հետաքրքիր, յուրօրինակ և համեղ ճանապարհորդություն Հայաստանի պատմական անցյալ ունեցող բնակավայրերով, քաղաքներով ու գյուղերով, և նպատակ ունի ոչ միայն հիացնել զբոսաշրջիկներին հայոց լեռների գանձերով, եկեղեցիներով, խաչքարերով, բերդերով ու ամրոցներով, որով հարուստ է Հայաստանը, այլ նաև ծանոթացնել ազգային խոհանոցի գանձերին, կերակրատեսակների պատրաստման հազար ու մի գաղտնիքներին, ավանդույթներին ու ծեսերին:

Համեղ տուրերը զբոսաշրջիկներին հնարավորություն կտան լինել ամենատարբեր վայրերում` թանգարաններում, հնավայրերում, գինու և կոնյակի գործարաներում, գինետներում, թոնրատներում, հյուրատներում, գյուղական և քաղաքային վայրերում` կապված ավանդական կերակուրների և խմիչքների պատրաստման սովորույթի հետ:

Կվայելեն և մասնակից կդառնան հայոց ավանդական կերակուրների` Խաշլամայի, Տժվժիկի, Կանեփով տոլմայի, Ձկան կուտապի, Չորաթանի, Խաշի, Պանրխաշի, Արիշտայի, Ժնգյալով հացի, Կաթնահունցի, Խուրջինի, Գաթայի և անուշաբույր Լավաշի պատրաստման ողջ ընթացքին:

Կմասնակցեն ժողովրդական և եկեղեցական տոներին, ծեսերին` Ամանոր, Ս. Զատիկ, Տեառնընդառաջ, Ջան գյուլում կամ Համբարձման տոն, Վարդավառ կամ Քրիստոսի այլակերպության տոն, Խաղողօրհնեք կամ Ս. Աստվածածնի տոն…, ինչպես նաև կմասնակցեն ծիսական կերակուրների պատրաստմանը` Հարիսա, Ուլի խորվու, Պասուց տոլմա, Ղափամա, որոնք կուղեկցվեն ազգային երգ ու պարով:
Զբոսաշրջիկները կմասնակցեն նաև ազգային ճաշատեսակներին նվիրված փառատոններին ու տոներին` Խորովածի, Տոլմայի, Գինու փառատոններ, Թոնրատոն:

Կիմանան հետաքրքիր փաստեր, մանրամասներ հայ ժողովրդի պատմական, մշակութային և խոհարարական արվեստի անցյալից: Կծանոթանան ազգային խոհանոցի առանձնահատկություններին, հայ հայտնի խոհարարների թագադրված կերակրատեսակներին ու հայ կանանց խոհարարական տաղանդին:

Կմասնակցեն «Վարպետաց դասերի», խոհարարական մրցույթի, տոնածիսական խաղերի, ինչպես նաև կարժանանան խրախուսական մրցանակների, հուշանվերների և պատվոգրերի` լավագույն սեղանապետի, ամենահաջողակ զբոսաշրջիկի տիտղոսի և հայկական կերակրատեսակի պատրաստման համար:

Հնարավորություն կունենան լինել հայկական գյուղերում, ծանոթանալ գյուղի ավանդապաշտ մարդկանց կենցաղին, ավանդույթներին, իսկ ավանդական որոշ կերակրատեսակների պատրաստումը կուղեկցվի ազգային երգ ու պարով:

Ձեր նախասիրությունների և առաջարկությունների համաձայն կկազմակերպվեն ամենատարբեր բնույթի ճանապարհորդություններ, ինչպես նաև կլինեն հատուկ տուրեր ծիսական տոների, ազգային ուտեստների, որսորդության, ձկնորսության, գինեգործության սիրահարների համար:


TASTY TOUR Ճամփորդական  Ընկերության զբոսաշրջային ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ են գրավում խոհանոցային, գյուղական և ազգագրական տուրերը, որոնց ընթացքում պտղատու այգիներում բացված սեղանների շուրջ նստելուց առաջ, զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայկական գյուղի կյանքին, հայ կնոջ խոհանոցային գաղտնիքներին, ավանդույթներին ու սովորույթներին: Կարող են համտեսել ոչ միայն ազգային ճաշատեսակներ և խմիչք, այլև` մասնակցել խոհարարական տարբեր գործընթացներին, ինչպիսիք են` լավաշ, գաթա թխելու արարողությունը, ավանդական կերակրատեսակների, մրգի տարբեր տեսակներից ու պտուղներից չրերի, հյութերի և մուրաբաների պատրաստումը, տնական գինիների և այլ ոգելից խմիչքի պատրաստումը և այլն: Թոնիր կարող ես ինքդ վառել, խմորի հետ գործ ունենալ ես ուզում, խնդրեմ, տանտիկնոջ օգնությամբ կարող ես գնդել խմորը, գրդնակել, ավելի մոտիկից զգալ թոնրի պատերին եփվող լավաշ հացի ու ավանդական կերակուրների բույրը:
  

Մենք մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ և բազմազան խոհանոց, խոհարարական   գոհարներ` ուտեստներ, և ինչպես ժողովուրդն է ասում` ավելի լավ է մեկ անգամ համտեսել, քան` հազար անգամ լսել:

«TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունն առաջարկում է տուրերի բազմազանություն, իսկ դուք ձեր հանգստից քաղեք բավականություն:

  Ծառայություններ