(010) 742 076, ( 091) 422 075, (095) 522 075, (077) 526 224
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ՀԱՅՈՑ ԳԻՆՈՒ ԼԵԳԵՆԴԸ
Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը:

Առաջին խաղողն  ու առաջին գինեգործը

Դեռևս հեթանոսական ժամանակներից հայոց մեջ մի ավանդույթ կար` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մ.թ.1-ին դարում Տրդատ թագավորի կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով,նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբանների վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը: Լեգենդները լեգենդ են մնում,սակայն գիտականորեն ապացուցված տվյալները, հնագետների կողմից հայտնաբերված հին հայկական գինեգործական հնձանները, գինու անոթներն ու կարասները, խաղողի ածխացած կորիզները,բազմաթիվ սեպագիր արձանագրությունները, քանդակները և այլ վավերագրեր վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի, և Հայաստանը եղել է խաղողագործության և գինեգործության հնագույն բնօրրանը:

  Եթե սկսենք բիբլիական Աստվածաշնչյան ճշմարտություններից, ապա սուրբ գիրքն ասում է, որ Նոյը, երբ իջավ Արարատից, տնկեց իր առաջին խաղողի վազը: Ալիշանը ճշտում է այդ վայրը` Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով: Հետագայում գիտական  հետազոտությունները և հնագիտական պեղումների ընթացքում գտնված խաղողի կորիզների համեմատական ուսումնասիրություններն ապացուցեցին, որ հայերը Ք.Ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա սելեկցիայով: Որոշ ազգագրագետներ, հնագետներ,հետազոտելով գինու պատմամշակութային կենսագրությունը, ասում են, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ,դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ  ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ: Նույնիսկ Նորավանքի կիրճից այն կողմ դեռ կան միջնադարյան խաղողի այգիների հետքեր: Թվում է, թե վայրի թփեր են դրանք, բայց իրականում խաղողի տեսակներ են: Դրա վառ ապացույցն է 2011թվականին Հայաստանում` Արենի համալիրում,պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է:
 

 

 
Աշխարհի հնագույն գինեգործական հնձանը

Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով,խաղողի և գինու մշակման  հնագույն մեթոդներով, ավանդույթներով,որոնք հայտնի են դեռևս Ուրարտական թագավորության ժամանակաշրջանից և պահպանվել են մինչ այսօր: Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում ևս գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա: 19-20դդ. ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը,որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը զարգացած գինեգործական պետություն էր: Հնագետները Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերել էին 480 կարասներով գինու պահեստարան, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. Դեկալիտր գինի: Էրեբունու(քաղաք-ամրոց, այժմյան Երևանի տարածքում,կառուցվել է 2800 տարի առաջ) պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղ եղել են 200 գինու կարասներ:

 

 

   

Հայկական լեռնաշխարհի բնիկներին վաղ ժամանակներից հայտնի խաղողագործության և գինեգործության ավանդույթների մինչ օրս պահպանումն ու կիրառությունը ենթադրում են, որ հայերը Վանի թագավորության բնակիչների էթնիկ, տնտեսական և մշակութային ժառանգորդներն են: Վանի խաղողի այգիների մասին Ասորեստանի թագավոր Սարգոն երկրորդը հիշատակում է՝  «Խաղողը թափվում էր անձրևի նման, իսկ գինին հոսում էր քանց գետի ջուր»:  Տարեգրություններում պահպանվել են վկայություններ այն մասին, որ աշխարհի հնագույն այս պետությունում` Ուրարտույում հատուկ  ուշադրություն էր հատկացված խաղողագործությանը և պտղաբուծությանը: Մեզ հասած պատմական տեղեկություններում հիշատակվում է գինու և գարեջրի պատրաստման տարբեր տեխնոլոգիական հնարքների մասին:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ  Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Մ.թ.ա. 401-400թթ, երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում  է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:

Խաղողագործության և գինեգործության մեթոդներն ու տեխնոլոգիաները հազարավոր տարիներ առաջ Հայաստանից տարածվել են հարևան երկրներ, իսկ արաբների, թուրք-սելջուկների ասպատակությունների, նրանց տիրապետության ժամանակ ոչնչացվել են  գինեբեր խաղողի շատ այգիներ: Խաղողի տարբեր սորտերի կորիզների հնագույն գտածոների  ուսումնասիրությունները և համեմատությունները փաստում են, որ այս բարձր լեռնային երկրում այսօր աճում են խաղողի այնպիսի եզակի տեսակներ, որոնք ունեն հազարամյակների ծագումնաբանություն: Աշխարհում եղած 6-7000 խաղողի սորտերից մոտ 2000-ը գտնվել են Հայաստանում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մսխալին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, մուսկատային  բույրով մի քանի սորտեր, որոնք այսօր էլ մշակվում են Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում:

       




Այս և այլ փաստեր գիտնականներին հիմք են տվել հայտարարելու խաղողի հայկական ծագման մասին: Եվ իզուր չէ, որ ֆրանսիացիներն ասում են` գինին ստեղծեցին  հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները` արվեստ: Դե իսկ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատմամբ` «Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: