(010) 742 076, ( 091) 422 075, (095) 522 075, (077) 526 224
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հայկական խոհանոցը նույնքան հին է, որքան Հայաստանի պատմությունը: Այն սերտորեն կապված է Արևելյան և Միջերկրածովյան խոհանոցի հետ, որտեղ տարբեր համերի և բույրերի համադրումից ստեղծվում են յուրահատուկ և հրաշահամ ճաշատեսակներ: Ողջ պատմության ընթացքում հայկական խոհանոցը ունեցել է մշակութային փոխանակում հարևան ժողովրդների խոհանոցի հետ, այսինքն՝ պարսկական, հունական, ռուսական, թուրքական և արաբական:

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմաքաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում  մի ժամանակ գտնվում էր Ուրարտու պետությունը։ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները, մեր հողի, ազգի պատմության անմերժելի ու նյութեղեն վկայությունները, իսկ հայկական խոհանոցն էլ իր վրա կրել է դեռևս այն ժամանակների ազդեցությունը: 


ՈՒՐԱՐՏՈՒ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


  ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Այսօր էլ մենք ապրում ենք հողագնդի այն վայրում, ուր  Քրիստոսից 9 և մեզանից 29 դար առաջ դրվել է հայկական քաղաքակրթության հիմքը: Ք.ա. 9դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է Արարատյան թագավորություն Տուշպա (Վան) մայրաքաղաքով: Ապացուցելու կարիք չկա, այս պատմությունը հայտնի է 600 տեքստերով` գրված քարի, կավի ու բրոնզի վրա:

Հայաստանի պատմությունը սերտորեն կապված է  Ուրարտուի /Արարատ/ Թագավորության պատմության հետ,քանի որ հայերը, որպես ուրարտացիների հետնորդներ, ժառանգել են ոչ միայն համառ պայքարի ոգին, այլև՝ կրողն են բարձր զարգացման հասած մշակույթի: «Ուրարտուն անհայտ թագավորություն չէր,որ պատսպարվում էր անհաղթահարելի լեռների մեջ, այլ՝ հզոր միապետություն, որը շուրջ երկու դար համառ պայքար էր մղում Հին Արևելքի հզորագույն պետություններից մեկի՝ Ասորեստանի դեմ»: Հին հայկական պետությունն ունեցել է հզոր արքաներ, բանակ, ծաղկուն քաղաքներ, արհեստներ ու արվեստ, գրչություն, ծիսական-կրոնական ինքնուրույն համակարգ: Ուրարտական դիցարանի մասին լիարժեք պատկերացում է տալիս Վանի մերձակայքի «Մհերի դուռ» կոչվող ժայռափոր արձանագրությունը, գլխավոր` Խալդի, Թեյշեբաինի, Շիվինի աստվածների հիշատակությամբ:

             
Երևան քաղաքի ծննդյան քարե վկայականը.
Երևանը՝ որպես քաղաք, հիմնադրվել է մ.թ.ա 782 թ
Արգիշտի առաջին թագավորի կողմից,
որի թողած արձանագրությունն այսօր դարձել է
մեր քաղաքի ծննդյան քարե վկայականը:
        Մհերի դուռ.
Մենուա արքայի ժայռափոր սեպագիր
արձանագրությունը ուրարտական
քաղաքակրթության մասին:
 
Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզները և ժամանակագրական աղյուսակները վկայում են հին արևելյան տիպի բարձր մի քաղաքակրթության մասին: Ուրարտուն կործանվեց մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում Ք.ա. 585թ.: Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվում է Հայոց Երվանդունիների թագավորությունը:
1937թ-ից մինչև մեր օրերն Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում  շուրջ հազար գտածոներով բացառիկ ընտրանի է ստեղծվել,որոնց թվում են՝

• Բացառիկ գտածոներ` հայտնաբերված 1940-1970թթ. Թեյշեբաինի ամրոցում (Կարմիր բլուր)` ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ կատարված պեղումներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սփռված ուրարտական հուշարձաններից և այլ հնավայրերից` Էրեբունի, Արգիշտիխինիլի - Արմավիր, Լոռի բերդ, Բջնի, Գեղհովիտ, Դվին, Թալին, Տավուշ:

• Մետաղամշակության, ոսկերչության, խեցեգործության, որմնանկարչության նմուշներ, բրոնզե, կավե, փայտյա բարձրարվեստ արձանիկներ, զենքերի ու սպառազինության բազմապիսի տեսակներ` ուրարտական արքաներ Մենուայի, Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և այլոց անունների հիշատակությամբ:
 
 
• Սեպագիր արձանագրություններ, ի թիվս որոնց Ք.ա. 782թ, Երևան քաղաքի հիմնադրման վկայագիրը, ինչպես նաև պաշտամունքային բնույթի հակիրճ տեքստեր, նամակներ, կարգադրություններ փորագրված քարի և թրծակավե սալիկների վրա:

• Քարե, ոսկրե կնիքներ` սրբազան ծառերի, թևավոր ոգիների, աստվածների երկրպագության տեսարաններով, վիշապագլուխ առյուծների, թևավոր նժույգների, աստեղային խորհրդանիշերի պատկերներով:

• Պատմությունը մեր աչքի առաջ է` Հայաստանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված հազարից ավելի բացառիկ գտածոներով: 

 
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ


Հողագործությունը Հայկական լեռնաշխարհում հին ավանդույթներ ունի։ Համաձայն հնագիտական տվյալների՝ հողագործությունը այդ տարածաշրջանում կիրառվում էր նեոլիտի ժամանակներից, դեռևս մ.թ.ա. III հազարամյակում, և առավել լավ զարգացած էր ուրարտական շրջանում: Անասնապահությունը և երկրագործությունը կարևոր դերակատարություն են ունեցել Ուրարտուի տնտեսական կյանքում։ Հողի մշակման գործիքների մեծ մասը պատրաստվում էր երկաթից, իսկ հաջող հողագործություն իրականացնելու համար տարածքների մեծ մասը արհեստական ոռոգում էին պահանջում, այդ իսկ պատճառով ուրարտական թագավորների կողմից ոռոգման ջրանցքների շինարարությունը տեղանքում կտրուկ խթանում էր հողագործությունը և ապահովում նրա զարգացումը։

Հնագիտական հարուստ պեղածո նյութերը փաստում են, որ տարածքում աճող հացահատիկի տեսակներից են եղել ցորենը, գարին ու կորեկը, հատիկավորներից` կանեփը, քնջութը, բակլազգիներից` սիսեռը և ոսպը, իսկ մրգերից` խնձորը, դեղձը, ընկույզը, նուռը, մանրահատիկ բալը, սալորն ու խաղողը։ Պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի կորիզների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտավայրում մշակվել է խաղողի մոտ 12 տեսակ։ Դրանցից աչքի են ընկնում Ոսկեհատ (Խարջի), Մսխալի (Արարատ), Հաչաբաշ և սև խաղողի մի քանի տեսակներ, որոնք մինչ օրս աճեցվում են Հայաստանում։ Պեղումները հավաստում են, որ ուրարտացիները զբաղվել են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, որոնց մեջ յուրահատուկ տեղ է գրավել ձմերուկը։

Միջնաբերդի շտեմարաններում պահվող հացահատիկի` ցորենի, գարու, տարեկանի, կորեկի ու վարսակի տեսակները զուտ տեղական` հայկական են։ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ հնագույն ժամանակներից ի վեր զբաղվել են բույսերի մշակմամբ։ Այդ են վկայում Ք. ա. 9-րդ դ. սեպագիր արձանագրությունները, հնագիտական պեղածո նյութերն ու դրանց ուսումնասիրությունները։ Հայկական բարձրավանդակի բնակիչները հացահատիկից ստանում էին ձավար և ալյուր, կորեկի ալյուրից թխում էին յուրահատուկ կլոր հաց, իսկ գարու և կորեկի խմորման միջոցով պատրաստում էին ոգելից խմիչքներ։

Հատիկավոր մշակաբույսերը, ավելի հաճախ գարին, մասսայականորեն օգտագործվում էին հաց թխելու, ինչպես նաև գարեջրի պատրաստման համար։ Քնջութն օգտագործվում էր բուսական յուղ ստանալու համար։ Օրինակ, գարու ալյուրից պատրաստված հացի մնացորդներ են հայտնաբերվել Թեյշիբաինի քաղաքի թաղամասերի պեղումների ժամանակ։ Հետազոտողները կարծում են, որ դրա պատրաստման եղանակը շատ նման է հաց թխելու այն եղանակին, որ մինչև այժմ տարածված է Կովկասի որոշ գյուղերում։

             
Ուրարտական ​​էնդեմիկ հացահատիկներ՝
ցորեն, գարի, կորեկ, վարսակ
        Ցորեն մշակելու ուրարտական գործիքներ
 
 Հացահատիկի մշակման համար օգտագործվում էր հատուկ գործիք, երկանքի կամ ջրաղացի տիպի։ Հատիկավորների մշակման ուրարտական գործիքներ հայտնաբերվել են Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաքների պեղումների ժամանակ:

Թեյշիբաինի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերված հացահատիկային մթերքների մեծ քանակությունը վկայում է այն մասին, որ Ուրարտուում մշակում էին ցորենի մի քանի տեսակներ, որոնց շարքում հատուկ տեղ էր գրավում փափուկ ցորենը, որը ներկայումս աճում է Արարատյան դաշտավայրում: Գիտնականները ենթադրում են, որ Ուրարտուում ցորենը համեմատաբար հազվագյուտ և բարձր գնահատվող մշակաբույս էր։ Բնակչությունը հաց պատրաստելու համար հիմնականում կորեկ էր օգտագործում։ Գարին, ինչպես և ցորենը հիմնականում կուտակվում էր թագավորական (ավելի հազվադեպ՝ տաճարային) ամբարներում և օգտագործվում էր պետական կարիքների համար, ինչպես նաև գարեջրի պատրաստման, և, հնարավոր է, ապրանքափոխանակության համար։

Հետաքրքիր է, որ տարածաշրջանում, մասնավորապես նաև այստեղ` Արին-բերդ բլրի լանջերին աճող բույսերի թվում է վայրի գարին, որը հանդիսացել է գարու երկշարք կամ վեցաշարք տեսակների նախահայրը։ Այս տեսակները դեռևս հնագույն ժամանակներից ի վեր տեղական բնակչությունը օգտագործել է գարեջրի պատրաստման համար։

Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ ցորենի հայրենիքը Հայաստանն է,իսկ առաջին հացակերները եղել են հայերը: Ուստի և բնական է, որ հայկական խոհանոցը ընդեղենի, ձավարեղենի, հատիկավորների հիման վրա է կառուցված:
Ուրարտույում լայնորեն տարածված էին նաև մանրասերմ ձիաբակլան և մանրահատիկ ոսպը,սիսեռը, քունջութը,որը տալիս էր բորձրորակ ձեթ։ Պեղումների ժամանակ գտնվել են ցորենի,սիսեռի և քունջութի տարբեր կոմբինացիաներ։ Հայաստանում քունջութ մշակվում էր նաև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակներում։ Այսպես պատմաբան Քվինտուս Կուրցիուս Ռուֆուսը (մ.թ.ա. մոտ  54-41թթ.) գրում է. «Ալեքսանդր Մակեդոնացին արդեն անցավ Կովկասը... Մակեդոնացիք ձեթի փոխարեն մարմիններն օծում էին Սեզամ բույսի հյութով,այսինքն քունջութի ձեթով, այդ հյութի մեկ չափն արժեր երկու հարյուր քառասուն դինար»։

ՈՒՐԱՐՏՈՒԻ ԳԱՐԵՋՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հին ժամանակներում, հատկապես ուրարտական ​​թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 9-6 դդ.), հայկական բնաշխարհում ապրող ժողովուրդը զբաղվում էր գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Հայաստանը հայտնի է որպես ածիկային նյութերից գարեջրի պատրաստման եղանակի օրրան:
Այդ են վկայում 1958թ. Կարմիր Բլուրի վրա Թեյշիբաինի պեղումների ժամանակ հայտնաբերված գարեջրի պատրաստման արհեստանոցը, որտեղից գտնվել են տուֆե մեծ տաշտ` գարին կամ կորեկը թրջելու, խողովակներ` օգտագործված ջուրը ամրոցից դուրս բերելու և ավելի քան 40 երկարավուն անոթ` գարեջուր պահելու համար, կավե տարաներ, որոնցում հնագետները հայտնաբերելեն գարու և կորեկի գարեջրի հետքեր: Հայտնաբերված գարու, ցորենի, վարսակի մնացորդները և ծղոտե զտիչներով կավանոթները, որոնք գործածվել են գարեջուր պատրաստելու համար, փաստում են գարեջրի տեղական արտադրության մասին:
Վերլուծելով այս ամենը, մենք գալիս ենք այն եզրակացության, որ ուրարտացիները մշակում  էին նաև մեծ քանակությամբ գարի, ծանոթ էին գարեջուր պատրաստելու արհեստին, ընդ որում որպես հումք օգտագործում էին ոչ միայն գարին, այլ նաև կորեկը։

Հայկական լեռնաշխարհում գարեջրի գոյության մասին վկայում են մի շարք պատմիչներ, որոնցից հույն պատմիչ Քսենոֆոնը մ.թ.ա. 5-4 դարերում Հայաստանում իր ճանապարհորդությունների ժամանակ պատկերավոր նկարագրել է հայի տունը` «... տներում էին գտնվում այծերը, ոչխարները, կովերը և թռչունները իրենց ձագերով։  Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն, կավե կարասներում գարու գինի` երեսին լողացող գարեհատիկներով: Ծարավելիս այն խմում էին մեջը դրված եղեգնյա փողերով»։
Հնագույն ժամանակներից սկսած Ուրարտուում տարածված էր գարեջրագործությունը, խաղողագործությունն ու խաղողի մշակույթը: Ուրարտական ​​սեպագիր արձանագրությունները պատմում են ուրարտացիների խաղողի աճեցման ամենաբարձր մակարդակի և գինու արտադրության մասին:

 ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, խաղողի և գինու մշակման  հնագույն մեթոդներով, ավանդույթներով,որոնք հայտնի են դեռևս Ուրարտական թագավորության ժամանակաշրջանից և պահպանվել են մինչ այսօր:

Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ  Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Մ.թ.ա. 401-400թթ, երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում  է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:

Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում ևս գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
19-20դդ. ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը,որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը զարգացած գինեգործական պետություն էր:  Հնագետները Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերել էին 480 կարասներով գինու պահեստարան, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. Դեկալիտր գինի: Էրեբունու (քաղաք-ամրոց, այժմյան Երևանի տարածքում,կառուցվել է 2800 տարի առաջ) պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղ եղել են 200 գինու կարասներ:
Ուրարտուում զարգացած էր նաև այգեգործությունը,բանջարաբուծությունը, հատկապես խաղողագործությունը։ Այդ են վկայում Կարմիր բլրից հայտնաբերված սալորի, խաղողի, նռան, խնձորի, ծիրանի, բալի, ընկույզի և ձմերուկի սերմերը,կորիզները և պտուղների ածխացած մնացորդները։
Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները արհեստական ոռոգման հետ համատեղ համարյա իդեալական պայմաններ էին ապահովում խաղողագործության համար: Խաղողագործությունը զարգացած է եղել հատկապես Վանի շրջանում, Արածանիի հովտում, Ուրմիա լճի և Տիգրիսի ավազաններում, Արարատյան դաշտում և այլուր։ Ուրարտուում մշակվող մեկ տասնյակից ավելի խաղողի տեսակներից մի քանիսը` Ոսկեհատ (Խարջի), Մսխալի (Արարատ), Հաչաբաշ, սև խաղողի այլ տեսակներ, առ այսօր մշակվում են Արարատյան դաշտում:
 
Գինեգործությունը ուրարտական տնտեսության կարևորագույն բնագավառն էր: Խաղողագործության համար բարենպաստ պայմանները Ուրարտուն դարձրել էին Առաջավոր Ասիայի գլխավոր գինի արտադրողը: Համարյա բոլոր ուրարտական քաղաքները խոշոր գինու պահեստներ ունեին: Գինին Ուրարտուում, հավանաբար, պատրաստվում էր նույն եղանակով, ինչ հետագայում կիրառվեց Հին Հունաստանում` գինին երկար ժամանակ արևի տակ պահվում էր կարասներում և դառնում խիտ և քաղցր:
Ուրարտուի սեպագիր արձանագրությունները խոսում են խաղողաբուծության և գինեգործության բարձր զարգացման մասին։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին գինու խոշոր մառաններ։ Այստեղ էլ գտնվել են մեծ քանակությամբ կավե կարաս-կճուճներ, որոնք պարունակում էին հսկայական քանակությամբ գինի:Ուրարտացիները գինին պահում էին կիսագետնափոր հսկա կարասներում, որոնք ունեին տարողության չափը նշող հիերոգլիֆ և սեպաձև նշաններ։ Կարասների վերևի մասում նշումներ էին արվում գինու տեսակի և նրա պահպանման ամսաթվի մասին: Հայտնաբերված կարասների միջին տարողությունը հասնում է 750-1500լ։ Թեյշիբաինիից հայտնաբերված ութ գինու մառանների ընդհանուր տարողությունը կազմել է ավելի քան 400 000 լիտր։ 

Հնագիտական հետազոտություններով պարզվել է նաև, որ ուրարտացիներին հայտնի էր ծծումբի՝ որպես գինու հիվանդությունների դեմ պայքարի միջոցի, օգտագործման գաղտնիքը: Թագավորական և պալատական միջոցառումների, ինչպես նաև աստվածներին զոհաբերություններ կատարելու համար Ուրարտուում օգտագործվում էին գինով լի շքեղորեն զարդարված բրոնզե կաթսաներ:
Նույնիսկ  ուրարտական գրավոր արձանագրություններում հիշատակվում է այն մասին, որ աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ՈՒրարտուի բնակիչներն հատուկ ուշադրություն էին դարձնում ինչպես խաղողագործությանն ու բանջարաբուծությանն, այնպես էլ հատուկ տեխնոլոգիական հնարքներ էին օգտագործում գինու և գարեջրի պատրաստման համար:


Գինու արտադրություն ավանդույթները խնամքով պահպանվել են երկար տարիներ: Անհնար է ժխտել այն փաստը, որ նույնիսկ այսօր շատ գյուղաբնակներ, ինչպես 3 հազարամյակ առաջ, այնպես էլ այսօր վերամշակում են  խաղողը և գինի ստանում հատուկ շինություններում:

Հայկական լեռնաշխարհի բնիկներին վաղ ժամանակներից հայտնի խաղողագործության և գինեգործության ավանդույթների մինչ օրս պահպանումն  ու կիրառությունը ենթադրում են, որ հայերը Վանի թագավորության բնակիչների էթնիկ, տնտեսական և մշակութային ժառանգորդներն են։ 
                 
 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական լեռնաշխարհում անասնապահությամբ զբաղվել են նեոլիթի ժամանակաշրջանից: Բնական պայմանները, մեծ լեռնային արոտավայրերի առկայությունը օժանդակում էին անասնապահության զարգացմանը: Մինչ ուրարտական պետության ձևավորումը անասնապահությունը առաջնակարգ դեր ուներ Նաիրի ցեղախմբի համար:
Ուրարտուում ևս զարգացած էր անասնապահությունը և Ուրարտուի բնակչությունը կենդանական մթերքներից օգտագործում էր ոչխարի, տավարի, այծի, խոզի, գոմեշի և ընտանի թռչունների միսը:
Բացի դրանից անասունները կարևոր դեր ունեին ուրարտական կրոնում և պարբերաբար զոհաբերության առարկա էին դառնում: Կան նաև կաթի վերամշակման վկայություններ: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են խնոցիներ, ինչպես նաև սիճուկ պարունակող օրգանական մնացորդներ, որոնք վկայում են Ուրարտուում պանրագործության գոյության մասին:
Ի տարբերություն անասնապահության, ձիաբուծությունը ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ ուրարտական շրջանում ձիերը ծառայում էին մարտական կառքեր կազմելու համար: Ուրարտուի բարձրադիր մարգագետինները  ձիաբուծության, ինչպես նաև անասնաբուծության համար բարենպաստ պայմաններ էին ապահովում:

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐԸ


Ուրարտական արվեստի մասին համեմատաբար քիչ տեղեկություններ են պահպանվել մինչև 1950թ., երբ խոշոր հնագիտական աշխատանքներ սկսվեցին  հնագույն ուրարտական ​​քաղաքների Թեյշեբաինի եւ Էրեբունի ամրոցների տարածքում և հայտնաբերվեցին ու վերծանվեցին  բազմաթիվ ուրարտական ​​սեպագիր արձանագրություններ: Ուրարտուի մշակույթը, արվեստն ու արհեստները  ձևավորվել և զարգացել են Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա:
Ուրարտուի քանդակագործության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե,քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Կարմիր բլուրում։ Բրոնզե  արձանիկները եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։
Վանի կամ Ուրարտուի մշակույթում ուրույն տեղ էր զբաղեցնում որմնանկարչությունը, որը բնորոշ էր ուրարտական աշխարհիկ և կրոնական մոնումենտալ կառույցներին։ Էրեբունի միջնաբերդի պալատն ու տաճարները հարուստ էին շքեղ, բազմագույն ու բարձրարվեստ որմնանկարներով: Որմնանկարներում գերակշռում էին սև, սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին գույները։ Հատկանշական է, որ գույների այս շարքը պահպանվել է նաև հայ միջնադարյան մանրանկարչության մեջ։

             
Ուրարտական քանդակագործություն         Ուրարտական ​​դեկորատիվ և կիրառական արվեստ



Ուրարտուի կիրառական և դեկորատիվ արվեստում
առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ցուլերի և առյուծների բարձրաքանդակ պատկերներով արձանագիր հսկա բրոնզե վահանները, սաղավարտներն ու կապարճները, գոտիներն ու զրահները, կենաց ծառերի, զինվորների, մարտակառքերի, աստվածների, առասպելական կենդանիների, պատկերներով և քանդակներով զարդարված գահավորակի մանրամասները, որսի և զոհաբերության տեսարաններով ոսկրե, քարե կնիքներն ու շքատուփերը, օձագլուխ ապարանջաններն։

Ուրարտուում հողագործության ու անասնապահության զարգացումը պայմանավորված էր մետաղագործության զարգացմամբ։ Այդ են վկայում մի շարք հնավայրերից հայտնաբերված մետաղե բազմազան ու կատարելագործված գործիքները (գութանի խոփ, մանգաղ, եղան, կացին, մուրճ, դուր, ուրագ, սղոց):  Ուրարտուում ավելի վաղ, քան այլ երկրներում, մշակում էին տեղական երկաթ, որով հարուստ էին հատկապես Վանի, Մուշի, Բիթլիսի շրջանները։ Ուրարտական մետաղագործական առարկաները արտահանվել են Հյուսիսային Կովկաս, Սիրիա, Միջագետք, Իրան և Առաջավոր Ասիայի արևմտյան մարզեր,մինչև Էգեյան ծով։

Երկաթից բացի ուրարտացիները մշակում էին բրոնզ, պղինձ, անագ, արծաթ ու ոսկի: Այդ են փաստում հայտնաբերված զենք ու զրահները, կենցաղային իրերը, կերպարվեստի ու պերճանքի առարկաները, ինչպես նաև սեպագիր աղբյուրները։ Ուրարտացի վարպետները (դարբիններ, զինագործներ, ոսկերիչներ) հմտորեն տիրապետել են ձուլման և կաղապարման տեխնիկային, ինչպես նաև մետաղե իրերը ոսկեզօծելու, փորագրմամբ, քանդակմամբ և դրոշմամբ գեղազարդելու, քարը մետաղի հետ զուգակցելու արվեստին։
   
 
Հողը պահել է ոչ միայն հիշողությունը, այլև կոնկրետ հիշատակներ` կուռք-արձաններ, 1200լիտր տարողությամբ գինու ծիսական կարասներ, նետասլաքներ, նիզակներ, վահաններ, ծիսական անոթներ, ոսկե ականջօղեր ու ապարանջաններ, գեղեցիկ մանյակներ: Միայն Թեյշեբաինի ամրոցի պեղումների ժամանակ մեծ կարասի մեջ հայտնաբերվել է 97 բրոնզե թաս: Բարձրորակ բրոնզի ու անագի խառնուրդով պատրաստված թասերի վրա ուրարտական չորս`Մենուա, Արգիշտի, Սարդուրի և Ռուսա Առաջին արքաների սեպագիր արձանագրություններն են: Ծիսական թասերի մեջ ամրոցի աշտարակի պատկերներ են փորագրված:
Ուրարտական արհեստների մեջ առանձնահատուկ զարգացման էր հասել քարագործությունը։ Քարը լայնորեն օգտագործվում էր շինարարության, տնտեսության, կենցաղի և արվեստի մեջ։ Այդ են վկայում պեղումներից հայտնաբերված քարե առարկաները` արձանագրություններ, աղորիքներ, հավանգներ,սանդեր, վարսանդներ, կոկիչներ, սրաքարեր, թասեր, կուռքեր, զարդեր։ Նախաուրարտական շրջանի խեցեգործության հարուստ ավանդույթի հիման վրա ուրարտական խեցեգործությունը հասավ առավել բարձր զարգացման և արհեստներից առաջատարն էր համարվում Էրեբունիում և Թեյշիբաինիում։ Ունենալով լայն կիրառություն` խեցեգործությունը տարածում էր գտել պաշտամունքի, տնտեսության և կենցաղի բոլոր ճյուղերում։ Ուրարտական կերամիկական ապրանքների մեծ մասը պարզ էին,առանց այլ հնագույն մշակույթներին հատուկ զարդանախշերի: Ինչպես Հին աշխարհի այլ պետություններում, կերամիկան Ուրարտուում շատ տարածում ուներ: Կերամիկական սափորները օգտագործվում էին մթերք պահելու և տարբեր կենցաղային կարիքների համար: 
Եղջերագավաթները` ռիտոնները, լայնորեն տարածված էին Մերձավոր Արևելքում աքեմենյան շրջանում, սակայն դրանք երևան են եկել շատ ավելի վաղ։ Ենթադրվում է, որ ռիտոնների նախաստեղծ օրինակներն Առաջավոր Ասիայի երկրներում տարածված կենդանակերպ կավե անոթներն են։ Դրանք հավանաբար ունեցել են կրոնապաշտամունքային նշանակություն:

 

Ուրարտուի անկումից հետո ուրարտական արվեստի բազմաթիվ հատկանիշներ փոխանցվել և պահպանվել են հարևան երկրների մշակույթի մեջ:Բորիս Պիոտրովսկու դիտարկումները վկայում են, որ սկյութների գոտիների զարդանախշերն ու արտադրական տեխնոլոգիան, ինչպես նաև հին աշխարհում տարածված կաթսաների նկարազարդումը վերցված է ուրարտական մշակույթից: Ենթադրվում է նաև, որ հայկական արհեստն ու արվեստը  մասամբ հիմնված են  ուրարտական ​​ավանդույթների վրա:
Թվարկված բոլոր խոհանոցային, կենցաղային իրերը, կերակրատեսակները, սննդամթերքը, կաթնամթերքը, բանջարեղնն ու միրգը այժմ էլ Հայաստանի ինչպես  գյուղական, այնպես էլ քաղաքային բնակչության սննդակարգի առանձնահատուկ մասն են կազմում։